ԿԳՄՍՆ աշխատողներն Արայիկ Հարությունյանի վրա են «ֆռում», ինքն էլ՝ մեր, քանի որ կապված է «Թումոյի» հետ. Կարեն Վարդանյանը` «Արմաթ» լաբորատորիաների խնդրի մասին
ՀասարակությունTert.am-ը գրում է․
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև հեռակա բանավեճը չի հանդարտվում: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարեց, որ 2020 թ. համար նախարարությունը գումար չի նախատեսում հանրակրթական դպրոցներում տեխնոլոգիական նոր «Արմաթ» խմբակներ ստեղծելու համար՝ որակելով դա սաբոտաժ: Մինչդեռ, Կառավարությունը հայտարարել էր Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում տեխնոլոգիական լաբորատորիաներ ստեղծելու հանձնառության մասին:Նախարարությունը, արձագանքելով Վարդանյանի հայտարարություններին, ներկայացրեց վերջին տարիներին պետության կողմից «Արմաթ» լաբորատորիաներին տրված գումարների վիճակագրությունը և ԻՏՁՄ-ին բնութագրեց «անվստահելի գործընկեր»: Մասնավորապես, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում նախօրեին գրառում էր արել, ըստ որի՝ 2019 թվականին 352,2 մլն դրամը նախատեսվել է որպես խմբակավարների աշխատավարձ, նույն թվականին հատկացվել է հավելյալ 834 մլն 250 հազար դրամ` թվով 284 նոր լաբորատորիաների սարքավորումների ձեռքբերման համար: Իսկ 2020 թվականի բյուջեով հատկացվել է 671,7 մլն դրամ, որը նախատեսված է 707 խմբակի համար. այս պահին գործում է 575 խմբակ: