Դանակահարվել է Վրաստանի 1-ին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին
ՄիջազգայինԱյսօր ուշ երեկոյան Թբիլիսիում դանակահարել են Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդուն՝ Ցոտնե Գամսախուրդիային: Sputnik.ge-ի փոխանցմամբ՝ Ցոտնե Գամսախուրդիան դեպքի վայրից շտապ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատությունը մեկ ժամ առաջ է ավարտվել:
«Վիճակը լուրջ է ...Պոլիտրավման կյանքին սպառնացող վնասվածք է»,- լրագրողներին ասել է բուժող բժիշկը և հավելել, որ կրծքավանդակի շրջանում խորը, թափանցող վերքեր են եղել՝ ձախ թոքի վերին մասի վնասվածքով, վնասված է նաև թիակը, գլխի շրջանում էլ չորս վերք կա: Ըստ բժշկի՝ հիվանդի հետագա բուժումը կախված է գլխի տոմոգրաֆիայի արդյունքներից: Դրանից հետո միայն նյարդավիրաբույժը կորոշի՝ անհրաժե՞շտ է ևս մեկ վիրաբուժական միջամտություն:
Վրացական ԶԼՄ-ները հաղորդում են, որ դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի կենտրոնում, Գամսախուրդիայի տան մոտ: Ինչ-որ երիտասարդներ են նրան մոտեցել, լեզվակռիվ է սկսվել, այնուհետ՝ դանակահարություն:
Հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ-ի 19-108՝ կանխամտածված սպանություն հոդվածով: