«Լսել ենք, որ քննիչների մոտ երկտող կա»․ նախկին գյուղապետը՝ ինքնասպանություն գործած զինծառայողի մասին
ՔաղաքականությունԵրեւանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոցում այսօր մահացած 24-ամյա զինծառայող Նարեկ Ս․-ն Կոտայքի մարզի Զովք գյուղից էր․ ըստ Քննչական կոմիտեի՝ նա ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք: NEWS.am-ի հետ զրույցում Զովքի նախկին գյուղապետ Նորիկ Գեւորգյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչը կարող էր Նարեկ Ս․-ին դրդել ինքնասպանության, սակայն նշեց, որ աշխատող, հանգիստ վարքով երիտասարդ էր․ «Հանգիստ տղա էր, աշխատում էր, սովորում էր ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում։ Հունվարից էր աշխատանքի անցել։ Ոչ մի վատ քայլով կամ արարքով աչքի չի ընկել՝ ոչ կռիվ, ոչ խուլիգանություն։ Ընտանիքն էլ խելոք մարդիկ են՝ հարգանքով, պատվով, բոլորն էլ աշխատող, երկու քույր ուներ, փոքր եղբայրն էլ ծառայում է բանակում, Ղարաբաղում»։
Նորիկ Գեւորգյանն ասաց՝ լսել են, որ երկտող է եղել տղայի ծոցագրպանում, սակայն տեղյակ չեն՝ արդյոք սիրած աղջկա պատճառով է այդ քայլին դիմել․ «Լսել ենք, որ քննիչների մոտ երկտող կա, սակայն բովանդակությունը մեզ հայտնի չէ։ Ոչ մեկս չի տեսել այդ երկտողը։ Ինչ վերաբերում է սիրած աղջկան, չգիտենք՝ ունի սիրած աղջիկ, գյուղից որ չկա, հնարավոր է որիշ տեղից է եղել»։