Մինչեւ 2023թ ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ. դասագրքերը կարող են լինել երկու հատորով. Արայիկ Հարությունյան
ՀասարակությունԿան բազմաթիվ բողոքներ դպրոցական առարկայական ծրագրերի ծանրաբեռնվածության եւ դասագրքերի ծանրության հետ կապված: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Վաղը քննարկում ենք հենց կոնկրետ դասագրքերի հետ կապված (ծանրության հետ կապված) խնդիրները, եւ նույնիսկ կարող է լուծում լինի, որ դասագրքերը լինեն երկհատոր` առաջին կիսամյակի համար` մի հատոր եւ երկրորդ կիսամյակի համար` մի հատոր»,- ասաց նա:
Ըստ նախարարի` ծնողներն ամենաշատը բողոքում են երեխաների ծանրաբեռնվածությունից: «Ծրագրերի անհամապատասխանության հետ կապված, տարբեր առարկաներում նույնաբովանդակ նյութերի մատուցման հետ կապված, նույն եկեղեցու պատմության, հայ ժողպատմության, ռազմագիտության ծրագրերում, նույնիսկ, երգի դասագրքում կրկնություններ կան: Որպեսզի թեթեւացնենք»,- ասաց նա:
Հարությունյանի խոսքով` դա ֆինանսական լուրջ ծախս կլինի պետության համար, սակայն «բոլոր առարկաները վերանայվելու են, եւ առհասարակ, ուսումնական ծրագրերը` բոլորը, վերանայվելու են»:
Նախարարը նշեց, որ նախատեսվում է մինչեւ 2023 թվականը ներդնել լրիվ նոր առարկայացանկ: «Ես զարմանում եմ, որ Դուք այս հարցը տասը անգամ տալիս եք: Ես Ազգային Ժողովի բարձր ամբիոնից ասել եմ, որ բոլոր առարկաները վերանայվելու են»,- ասաց նա: