Էջմիածնում շարունակվում է Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիան
ՀասարակությունԷջմիածին քաղաքում այսօր` դեկտեմբերի 23-ին, շարունակվում է գեներալ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները հավաքվել են Էջմիածնի գլխավոր հրապարակում:
Նշենք, որ նրանք պահանջում են նորից կալանավորել դեկտեմբերի 21-ին գրավով ազատ արձակված Մանվել Գրիգորյանին եւ զրկել նրան գեներալի կոչումից:
Մանվել Գրիգորյանն այժմ գտնվում է Ակնալճի իր առանձնատանը, ոստիկանության ծառայողները 24 ժամյա հսկողություն են իրականացնում նրա տան մոտ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ի ուշ երեկոյան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Մանվել Գրիգորյանին։
Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: