ԱՄՆ փոխնախագահը պատմել է Թրամփ-Կիմ Չեն Ըն նոր հանդիպման նախապատրաստման մասին
ՄիջազգայինՄիացյալ Նահանգները շարունակում է նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև կայանալիք նոր հանդիպման նախապատրաստական աշխատանքները, գրում է РИА Новости-ն: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գործարար գագաթնաժողովում ելույթի ժամանակ:
«Մինչ մենք այստեղ խոսում ենք, ԱՄՆ-ն նախագահ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև նոր գագաթնաժողովի ծրագիր է մշակում», - ասել է Փենսը՝ հավելելով, որ բոլոր ազգերը պետք է միավորվեն Կորեական թերակղզում ամբողջական ապամիջուկայնացման հասնելու նպատակով:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Սինգապուրում պատմական հանդիպում էր կայացել Թրամփի ու Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի միջև: Գագաթնաժողովի արդյունքում ստորագրվել էր փաստաթուղթ, որում նշվում էր, որ ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան պատրաստ են նոր հարաբերությունների և խաղաղության հաստատման: