Ինչ է որոշել Նիկոլ Փաշինյանը արագաչափերի հետ կապված
TVԲոլոր գյուղատնտեսական եւ սպառողական ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները պետք է առանց բացառության բոլորը զրոյացվեն…
Այս մասին, երեկ՝ ապրիլի 28-ին, Վանաձորից Երեւան վերադառնալու ճանապարհին, Ապարանում հայտարարել է «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
«Արագաչափերի չվճարված բոլոր տուգանքները պետք է զրոյացվեն: Արագաչափերի հարցը պետք է լուծվի, այդ տուգանքների գումարները պետք է նվազեցվեն։
Մենք պետք է նայենք, քանի որ դա երթևեկության կանոնները կամ անվտանգությունը ապահովելու միջոց չէ, այլ ժողովրդին թալանելու միջոց է»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ այլեւս չի լինելու ժողովրդին թալանող իշխանություն, այլ լինելու է ժողովրդին հարստացնող իշխանություն. «Չի լինելու արտագաղթը խթանող իշխանություն, լինելու է ներգաղթը խթանող իշխանություն։
Հայաստանում չի լինելու քաղաքացուն վախեցնող իշխանություն, այլ լինելու է քաղաքացուն երջանկության եւ ազատության հնարավորություն տվող իշխանություն»։
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:
Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: