Ռուբեն Վարդանյան - Սամվել Բաբայան հակամարտությունը սրվում է
Վերլուծություն
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը երեկ կայացած մամուլի ասուլիսում հրապարակեց «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի հայեցակարգը։ Ներկայացրեց իրենց անելիքները, հայտարարեց, որ ճակատի շրջանակներում կազմվել է ծավալուն փաստաթուղթ, որը ներառում է աշխատանքային քարտեզ ու 70 կետ։
Վարդանյանի խոսքով՝ արցախցիները 100%-ով պատրաստ են մինչև վերջ պաշտպանել իրենց հայրենիքը։ «Արցախի ապագան մեր ձեռքերում է, ոչ թե ուրիշների, մենք ենք որոշում Արցախի ապագան, այս ճակատի գաղափարի շուրջ միավորվել են մարդիկ տարբեր ճամբարներից, սա շատ կարևոր օրինակ է, որ մարդիկ կարող են միավորվել մեկ գաղափարի շուրջ, ոչ թե մարդու։ Մարդիկ միավորվել են՝ գիտակցելով սուր իրավիճակը»,- նշել է Ռուբեն Վարդանյանը և հավելել, թե իրենք պատասխանատու են ապագայի համար։
«Առանց գաղափարի գործողությունները վտանգավոր են, մենք կարողացանք մի կողմ դնել անձնական և կուսակցական շահերը և փորձել լսել միմյանց։ Մենք ձևավորում ենք այս ճակատը, որպեսզի Արցախը լինի անվտանգ, հայկական և ազատ»,- նշել է նա։
Ինչպես և սպասելի էր Ռուբեն Վարդանյանի այս նախաձեռնությունից հիմնական վտանգը զգալու էր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմից Արցախ գործուղված Սամվել Բաբայանը։ Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը երեկ մի հայտարարություն է տարածել և խրոխտ տոնով հեռուստաբանավեճ պահանջել Սամվել Բաբայանի և «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի համակարգող Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ։
Ավելին, Սամվել Բաբայանը Ռուբեն Վարդանյանին մեղադրում է ասուլիսում ակնհայտ մանիպուլատիվ մտքեր հնչեցնելու մեջ, պնդում, թե իրենք ժամանակին զարգացման ծրագրեր և հայեցակարգային մոտեցումներ են ներկայացրել և Ռուբեն Վարդանյանը միանգամայն ծանոթ է իրենց ծրագրային առաջարկներին, ի պաշտոնե պարտավոր էր քննարկել դրանք՝ ներառելով կառավարության ծրագրերում։ Այն ինչ պաշտոնավարման 111 օրերի ընթացքում իբր Ռուբեն Վարդանյանն աչքի ընկել բացառապես մեդիա դեմք, բայց ոչ որպես իրեն վերապահված ոլորտների կառավարիչ։
Այն, որ Բաբայանը փորձելու է սրել իրավիճակը, որևէ մեկը չի էլ կասկածում, սակայն նույնիսկ այս հայտարարության բովանդակությունից և տոնայնությունից կարելի է վստահաբար նշել, որ Բաբայանը գնում է ոչ թե հարցերը քաղաքակիրթ ճանապարհով լուծելու արցախցիներին մի էական գաղափարի շուրջ համախմբելու, այլ ընդհակառակը, պառակտում մտցնելու և առնվազն 111-օրյա շրջափակման ժամանակ Արցախը արդյունավետ ղեկավարած Ռուբեն Վարդանյանին իր կարճ խելքով «փչացնելու»։
Թե ինչպես կարձագանքի «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» դեռևս վաղ է ասել, վստահաբար, սակայն, բոլոր այն մարդիկ, ովքեր շահագրգռված են Արցախի հայկական ապագայով, պետք է կարողանան ոչ միայն համախմբվել Արցախի զարգացման և անվտանգության տեսլականի շուրջ, այլ կանխեն բոլոր այն հնարավոր վտանգավոր դրսևորումները, որ Փաշինյանի հանձնարարությամբ իրականացնում են սամվելբաբայանները։
Էդգար Սարգսյան