Մուսալեռում մահացած հայտնաբերած ամուսիններին մայրը զգուշացրել էր՝ գազի վառարանը չօգտագործել
ՀասարակությունԱրմավիրի մարզի Մուսալեռ գյուղում հունվարի 8-ին գազի արտահոսքի հետեւանքով մահացած երիտասարդ ամուսիններին մայրը զգուշացրել էր, որ գազի վառարանը չօգտագործեն: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մուսալեռի գյուղապետ Էդգար Հովհաննիսյանը: Նա նշեց, որ մահացած Հրաչյա Բաղդասարյանի մայրն իր որդուն եւ հարսին զգուշացրել էր, որ գազի վառարանն անսարք է եւ այն դեռ չի կարելի օգտագործել:
«Արդեն հստակ է, որ առանց խողովակների է եղել եւ գազի արտահոսքի հետեւանքով խեղդվել են: Ամուսիններն իրենց երեխայի հետ հունվարի սկզբին եկել են մոր տուն մնալու, բայց մայրն այդ ընթացքում նրանց հետ չի ապրել, ուրիշ տեղ է մնացել: Գյուղում իրենց լավ չենք ճանաչում, մի քանի ամիս է մայրն այստեղ էր ապրում»,-պատմեց գյուղապետը:
Գյուղապետը նշեց, որ մահացած ամուսիններին եւ նրանց 4 ամսական երեխային մահացած հայտնաբերել են երկու մեկ օր անց. «Հունվարի 7-ին եկել զանգը տվել է, պատասխանող չի եղել եւ հետ է գնացել, հետո ամսի 8-ին էլ եկել, տեսել է, որ էլի չեն պատասխանում՝ վտանգ է զգացել եւ ահազանգել է հարեւաններին եւ փրկարարներին»:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցւոմ գյուղապետը պատմել էր, որ բնակասրանը, որտեղ մահացած են հայտնաբերվել ընտանիքի 3 անդամները, վարձակալած էր:
Մահացածներն են 27-ամյա Հրաչյա Բաղդասարյանը, 20-ամյա Աննա Միսակյանը եւ 4 ամսական Ասյա Բաղդասարյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մուսալեռում ընտանիքի երեք անդամներին բնակարանում մահացած են հայտնաբերել: