Հայաստանում աշխատանքի ընդունում են մեծամասամբ անձնական կապերով, բայց արդեն ինչ–որ բան փոխվել է. Լյուկ Ջոնս
ՀասարակությունՀայաստանում, ԱՊՀ մյուս երկրների նման, աշխատանքի ընդունվելու գործոնների թվում գերիշխում են անձնական կապերը, սակայն արդեն ինչ–որ բան սկսել է փոխվել։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել բրիտանացի մենեջեր, Antal ռեկրուտինգային ընկերության Ռուսաստանի եւ Ղազախստանի հարցերով կոմերցիոն տնօրեն Լյուկ Ջոնսը։
Ընկերությունը գործում է հիմնականում Ռուսաստանում եւ Ղազախստանում, սակայն աշխատել է նաեւ Հայաստանում կանադական լեռնահանքային Dundee Precious Metals ընկերության հետ։
«Հայաստանը սկսում է մեզ ավելի շատ հետաքրքրել։ Այստեղ ավելի շատ նոր նախագծեր եւ նոր տեխնիկական մասնագիտություններ են հայտնվում։ Սովորաբար այստեղ փորձում են աշխատանքի ընդունել ծանոթոների կամ հանձնարարականների միջոցովԼ Դա սովորական պրակտիկա է ոչ միայն Հայաստանի համար։ ԽՍՀՄ նախկին հանրապետություններում նույն կերպ են մտածում։ «Ես նրան ճանաչում եմ, նրա հետ դպրոց եմ գնացել, նրան կարելի է վստահել։ Բայց վերջին ժամանակներս մենք ավելի հաճախ ենք տեսնում, որ նման կապերով պետքական մարդու չես գտնում։ Տեխնիկան զարգանում է, որակավորման պահանջները՝ նույնպես։ Այդ պատճառով հաճախ ստիպված ես փնտրել ծանոթների եւ հարազատների շրջանակից դուրս»,– հավելել է Ջոնսը։