Դիահերձման արդյունքները հիմնավորել են. երեխաները խեղդամահ են արվել
Հասարակություն«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Սպիտակում օրեր առաջ գրանցված ողբերգական դեպքով դիահերձման արդյունքները հիմնավորել են, որ երեխաները խեղդամահ են արվել։ Ընդ որում՝ երեխաները խեղդամահ են արվել կնոջ մահից որոշ ժամանակ առաջ:
Այսինքն՝ նախ երեխաներն են սպանվել, եւ միայն որոշ ժամանակ հետո նրանց մայրն է ինքնասպան եղել։ Սա թերեւս վկայում է այն վարկածի մասին, որ երեխաներին խեղդամահ է արել նրանց մայրը, ապա ինքնասպան եղել:
Երեխաների դիերը հայտնաբերվել են մահճակալի վրա. նրանց ոտքերի տակ շշով լցված ջրեր են եղել: Թերեւս գիշերը՝ երեխաների քնելու ժամանակ, մայր այդպես տաքացրել է նրանց անկողինը։ Կարծիք կա, որ երեխաները բռնության զոհ են դարձել հենց քնած ժամանակ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երկու երեխաների մայր Մարինե Հովհաննիսյանը Սարալանջ գյուղում քիմիայի ուսուցչուհի էր, նա ամուսնալուծված էր և երեխաների հետ բնակվում էր վարձակալական հիմունքներով՝ սոցիալապես անապահով պայմաններում:
45-ամյա կնոջը իրավապահները հայտնաբերել են բնակելի շենքի շքամուտքում, իսկ տանը՝ մահճակալների վրա, հայտնաբերել են մահացած նրա 5 և7 տարեկան աղջիկներին:
Դատաբժիշկները զննելուց հետո երեխաների պարանոցների վրա վնասվածքներ են հայտնաբերվել ՝ ամենայն հավանականությամբ երեխաներին խեղդամահ են արել:
Պարզվում է, որ ուսուցչուհի, երկու երեխաների մայր, 45-ամյա կինը 2013թ.-ից հաշվառված է եղել Սպիտակի պոլիկլինիկայի հոգեբուժական կաբինետում։
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։