Արարատյան դաշտի ջրերի անխնա շահագործման ռիսկերը կարող են դառնալ անկառավարելի
ՀասարակությունԱրարատյան դաշտի օգտագործվող ստորգետնյա ջրերի 15 % -ից ավելին արդյունահանվում է 150 մետր նիշից ցածր գտնվող խորքային հորերից: Եվս 35 %-ը գտնվում է 100-150 մետրի վրա: Այս տվյալները ներկայացված են «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում եւ համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության/ԳԱՏՕ/» ծրագրում, որն իրականացվում է USAID-ի աջակցությամբ: Դեկտեմբերի 16-ին անցկացված ծրագրի շնորհանդեսի մասնակիցների մեծամասնության համաձայն՝ դա ծայրահեղ վտանգավոր վիճակ է եւ կարող է բերել Արարատյան դաշտի հիդրոռեսուրսների անկառավարելի կորուստների:
Հիշեցնենք, որ դեռեւս 2011 թվականին հայտնի հիդրոերկրաբան Ռուբեն Յադոյանը զգուշացնում էր. «Չի կարելի Արարատյան դաշտի ջուրը հզոր պոմպով քաշել: Ջրի երեք հորիզոն կա, վերեւի հորիզոնը քաղցրահամ է, բայց խմելու չէ: Ներքեւի երկու հորիզոնն են խմելու: Նրանք կխառնվեն, շարքից դուրս կգան, հետո հնարավոր չի լինի վերականգնել»: