Հաստատվել է Երեւանի 2017-ի բյուջեն. Այն 11,4 տոկոսով ավելի է այս տարվա բյուջեից
ՀասարակությունԵրեւանի քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 4-րդ նիստում, քննարկվել եւ քվեարկությամբ հաստատվել է Երեւան քաղաքի 2017թ. բյուջեն:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ նախագիծը ներկայացնող Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հատկանշել է, որ հաջորդ տարվա բյուջեն կազմելիս հաշվի է առնվել, որ 2017 թվականը քառամյա ծրագրի եզրափակիչ տարի է ու, ըստ այդմ, բյուջեի ծախսերը՝ իրենց ուղղվածությամբ եւ ծավալներով, նպատակ ունեն ապահովելու ծրագրի ամբողջական կատարումը:
Այդպիսով, 2017 թվականի բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 84 մլրդ 344 մլն 931 հազար դրամի չափով, ինչը շուրջ 11.4%-ով ավելի է 2016թ. բյուջեով կանխատեսածից: Ծրագրված եկամուտները շուրջ 10.2%-ով գերազանցում են 2015թ. փաստացի հավաքագրված եկամուտներին: Ընդ որում, նախագծով նախատեսված ընդհանուր եկամուտների ծավալում սեփական եկամուտները 2015թ. սեփական եկամուտների փաստացի կատարողականից ավելի են շուրջ 8% ով:
2017թ. բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 84 մլրդ 412 մլն 931.5 հազար դրամի չափով, որի շուրջ 95%-ը բաժին է ընկնում վարչական բյուջեին: Ծախսերի ծավալների ավելի քան 36.1%-ը բաժին է ընկնում սոցիալական բնագավառին:
Ավագանին քննարկել եւ հաստատել է նաեւ Երեւան քաղաքի 2017թ. զարգացման ծրագիրը, որը, ինչպես նշել է հարցը ներկայացնող Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, կազմվել է հիմք ընդունելով Երեւանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի գերակայությունները եւ առկա հիմնախնդիրները։
Ծրագրում որպես առաջնահերթություն դիտարկվել է մայրաքաղաքում բարեկարգ եւ հարմարավետ միջավայրի ապահովումը ինչպես Երեւանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար: Այս համատեքստում մասնավորապես կարեւորվել է հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի եւ բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձեւավորումը, հարմարավետ եւ անվտանգ տեղաշարժի ապահովումը։