«Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» օդային գծի վերակառուցումը կավարտվի 2017-ի առաջին կեսին
ՀասարակությունՀայաստանի էներգահամակարգի հուսալիության բարձրացման նպատակով Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման շուրջ 230 կմ երկարությամբ օդային գծի վերակառուցումը կավարտվի հաջորդ տարվա առաջին կեսին։ Աշխատանքների հիմնական մասն արդեն ավարտվել է։ Գիծը միացնում է էներգահամակարգի երկու արտադրող կայանները՝ «Հրազդան ՋԷԿ»-ը եւ Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադը։
Նշենք, որ ծրագրի իրականացումը նպատակ ունի ոչ միայն բարձրացնել էներգահամակարգի հուսալիությունը, այլեւ ավելացնել հզորությունը։ Վերակառուցման արդյունքում գծի թողունակությունը 250 ՄՎտ-ից կհասնի 310 ՄՎտ-ի, կբարելավվեն տեխնիկական պարամետրերը, կորուստները 1,6 տոկոսից կհասնեն 0,7 տոկոսի։
Ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցներով կվերակառուցվեն նաեւ շուրջ 50 կմ երկարությամբ «Լալվար» եւ «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերը, որոնք շահագործվում են սկսած 1962թ.։ Իրականացված միջազգային մրցույթի արդյունքում այս տարվա օգոստոսին իրանական «Գամ Արաք» ընկերության հետ կնքվել է գլխավոր կապալառուի պայմանագիր` շուրջ 4,4 մլն ԱՄՆ դոլար գումարով: Հաջորդ տարի նախատեսվում է ավարտել ենթակայանների վերակառուցման նախագծման աշխատանքները եւ մեկնարկել շինարարությունը։