2017 թվականի հունվարի 1-ից ամբողջ Հայաստանում կգործի ջրի միասնական սակագին
Հասարակություն2017 թվականի հունվարի 1-ից ամբողջ Հայաստանում կգործի ջրի միասնական սակագին, որը կսահմանվի խ/մ–ի դիմաց 180 դրամի չափով։ Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ դա պայմանավորված է միասնական օպերատորի աշխատանքի մեկնարկելու հանգամանքով։ «Վիոլա ջուր» ընկերության՝ մրցույթը հաղթելու արդյունքում «Երեւան ջուր», «Հայջրմուղ», «Նոր Ակունք», «Լոռի ջրմուղ» եւ «Շիրակ ջրմուղ» ընկերությունները կդադարեցնեն իրենց աշխատանքը։
«Եթե Երեւանում եւ մի քանի մարզերում սակագինը 10 դրամով է բարձրանում, որոշ դեպքերում, այն նվազում է»,– նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ «Նոր Ակունք» ընկերությունն, օրինակ, 202.6 դրամով էր ջրամատակարարում իրականացնում։ Ընդ որում, Արմավիրի մարզում ջրի որակը ամենալավը չէր։ «Նոր օպերատորը մտադիր է ջրատարի նոր գիծ կառուցել, որով այդ մարզի բնակիչները որակյալ ջուր կստանան ավելի ցածր գնով»,– ասել է Արսեն Հարությունյանը։