Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է 1900 կրակոց, կիրառել է `«CBD» եւ «Իստիգլալ»
ՀասարակությունԴեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութ/, արեւելյան /Մարտունի-Ակնա/ եւ հյուսիսարեւելյան /Մարտակերտ/ ուղղություններով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շուրջ 90 անգամ տեղ գտած խախտումների ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է մոտ 1900 կրակոց, որից 56-ը`«CBD» եւ «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից: Բացի հրաձգային զինատեսակներից Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ 60 մմ-ոց ականանետ /3 արկ/:
Հավատարիմ մնալով ընտրած մարտավարությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին պատասխանելուց եւ հակազդիչ քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Առաջնագծի ամբողջ երկայնքով Արցախի զինված ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: