Իրավական խորհրդատու
ՀասարակությունՀարց – 2 տարի առաջ բարեկամներիս խնդրանքով իմ բնակարանում գրանցել եմ մարզից եկած ազգականին, որին անհրաժեշտ էր մի քանի շաբաթ բնակվել Երևանում՝ բուհի ընդունելությանը պատրաստվելու համար: Այժմ, 2 տարի անց, այդ ազգականը պնդում է, որ քանի որ նա գրանցված է իմ բնակարանում, ապա բնակվելու իրավունք ունի և հրաժարվում է գրանցումից դուրս գալ: Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել իմ իրավունքները:
Պատասխան – Ձեր ասած «գրանցելը» ընդամենը նշանակում է այսինչ հասցեում հաշվառվել, ու դա այդ բնակարանի նկատմամբ որևէ իրավունք չի առաջացնում: Բնակելի տարածության, մասնավորապես, օգտագործման իրավունքը ծագում է միայն սեփականատիրոջ, այսինքն՝ Ձեզ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագրով: Կոնկրետ Ձեր խնդրի լուծման համար անհրաժեշտ է ընդամենը դիմել ոստիկանություն՝ նշված անձին հաշվառումից հանելու համար:
Հարց – Ո՞վ է սեփականության իրավունք ձեռք բերում անտառներում հավաքված հատապտուղների նկատմամբ, այն դեպքում, երբ օրենքին համապատասխան, սեփականատիրոջ ընդհանուր թույլտվությամբ կամ տեղական սովորույթի համաձայն, թույլատրվում է անտառներում հատապտուղներ հավաքել:
Պատասխան – Սեփականության իրավունք է ձեռք բերում դրանք հավաքած անձը: