Հայաստանի սպառողներն իրավունք ունեն վերադարձնել ապրանքը. Բաբկեն Պիպոյան
ՀասարակությունՀայաստանի սպառողներն իրավունք ունեն վերադարձնել ապրանքը։ Այս մասին նոյեմբերի 23-ին ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը։
Նա հիշեցրեց, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ են մտել 2016-ի հուլիսին։ Նախկինում գնորդն իրավունք ուներ ապրանքը վերադարձնել, եթե վաճառողը չէր կարող փոխանակել այն։ «Այսինքն՝ վաճառողը կարող էր ասել, թե չես ուզում այս վերնաշապիկը, ես դրա փոխարեն 100 հատ ուրիշն ունեմ։ Եվ օրենքով նա ճիշտ էր։ Բայց հիմա օրենքը սպառողի կողմից է»,– ասել է Պիպոյանը։
Պիպոյանը կոչ է արել քաղաքացիներին, որոնցից հրաժարվում են ընդունել օրինական վերադարձրած ապրանքը, դիմել իրավական աջակցության։ Այդուհանդերձ պետք է հիշել, որ նախկինի պես վերադարձի ենթակա են միայն ոչ պարենային ապրանքները, որոնք կապ չունեն անձնական հիգիենայի հետ։ Ապրանքը վերադարձնելու համար պետք է 14 օրվա ընթացքում ներկայացնել գնման անդորրագիրը։