Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 78-ի
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ այս պահին ունենք կորոնավիրուսի 6 նոր դեպք։ Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 78-ի:
Նախարարը նշեց, որ հաստատված դեպքերից 18-ը փաստացի եղել են առանց ցուցումների հետազոտված։
«Եթե մենք նրանց չհետազոտեինք, միգուցե կարանտինի 14-րդ օրը իրենց մոտ վիրուսը չհայտնաբերվեր, այսինքն՝ մենք պրոակտիվ, ինքներս ենք «պարտադրաբար» գտել վիրուսը։ Շատ հնարավոր է, որ շատ քաղաքացիներ ունեցել են վիրուսը, բայց բուժվել են, և դրա մասին իրենք էլ չեն իմացել։ Մեր պացիենտների 95 տոկոսը և ավելին պարզապես որևէ սիմպտոմ չունեն։ Միայն ունեցել են ջերմություն կամ ունեցել են շփում հաստատված դեպքերի հետ կամ եկել են վտանգավոր երկրից։ Կան երկրներ, որտեղ ջերմություն չունեցող բայց կորոնավիրուսային վարակի հաստատված քաղաքացիներին նույնիսկ չեն հոսպիտալացնում։ Նրանց պարզապես հսկում են տնային պայմաններում, միայն սիմպտոմների ի հայտ գալուց հետո են տեղափոխում հիվանդանոց։ Մենք շարունակում ենք մեր քաղաքացիներին հոսպիատալացնել և մեկուսացնել։ Հնարավոր է որ 600 մեկուսացված դեպքերն ավելանան ևս մի քանի հարյուրով, սակայն դրանից հետո կկիրառվի ինքնամեկուսացման սկզբունքը։ 78 դեպքից բուժվել է մեկը, իսկ թոքաբորբ ունեն միայն երկուսը»,- ասաց Թորոսյանը։