Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով որոշումը
ՔաղաքականությունԵրեւան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով։ Դատարանի որոշումը հրապարակել է այսօր՝ հունիսի 24–ին։ Դատարանը միաժամանակ որոշել է հայցվորից հօգուտ պատասխանողի որպես դատական ծախսերի փոխհատուցում բռնագաձանձել 200 հազար դրամ։
NEWS.am–ի հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտնեց, որ ողջամիտ չի համարում 200.000 դրամ բռնագանձելու որոշումը և այն կբողոքարկի։
Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ հայցվորը պատրաստ է հրաժարվել հայցից, եթե Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարի, որ այդ արտահայտությունն ուղղված չի եղել Ռոբերտ Քոչարյանին։
Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանն էլ Փաշինյանի անունից հայտարարել էր, որ վարչապետը նկատի չի ունեցել Քոչարյանին, ինչից հետո Ալումյանը հայցից հրաժարվել էր։