Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեփական բնակչությանն ահաբեկելը դժվար թե Հայաստանին ձեռնտու արդյունքի հասնելու լավագույն միջոցն է։ Այդ մասին մարտի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Պետք է այդ հարցերը լուծել հանգիստ, կառուցողական ձևով։ Այդ մեխանիզմը կա, դա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովն է։ Մենք պատրաստ ենք օգնել այդ հարցում՝ հաշվի առնելով մեր փորձը։ Աշխատանքը պետք է իրականացվի այդ կառույցի շրջանակներում»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ այն, ինչ հնչեցրել է Հայաստանի վարչապետը, որևէ կերպ չպետք է ասոցացվի Ռուսաստանի հետ․ «Դա բացառապես այն է, ինչ Հայաստանի ղեկավարությունը որոշել է՝ շփվելով Արևմուտքի հետ»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք,որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում տեղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ սահմանագոտում Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերը տրվելու են Ադրբեջանին, որպեսզի «պատերազմ թույլ չտանք»։
«Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք։ Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում»,- ասել է Փաշինյանը։