Պետք է քննարկել նաև Թուրքիային Մինսկի խմբից դուրս հանելու հարցը, որը ևս պատշաճ ապտակ կլինի Էրդողանին
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի նախագահ Էրդողանի ցանկացած հաջորդ քայլ դժվար է կանխատեսել, քանի որ գնալով նա ավելի ագրեսիվ է դառնում բոլորի, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ-ի հանդեպ: Պատմաբան Արմեն Մարուքյանի կարծիքով դա պայմանավորված է Ադրբեջանի ձախողումներով: Եվ դա բնական է, քանի որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ Թուրքիան ձեռք բերեց ահաբեկչական երկրի համբավ, հողին հավասարեցրեց նաև բայրաքթարների շուրջ հյուսված լեգենդները: Բացի այդ, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծած պատերազմը ղեկավարելով թուրքական զորքի կողմից ապացուցեց նաև, որ նրանք, այնուամենայնիվ, չկարողացան հաջողության հասնել: «Ուստի, այս ամենի ֆոնին, Էրդողանը գնալով ավելի անկանխատեսելի է դառնում, ինչը, կարծում եմ պետք է դառնա ՆԱՏՕ-ում լուրջ վերլուծությունների առիթ և Թուրքիային ռազմաքաղաքական այս կառույցից դուրս վռնդելու պատճառ: Ես կարծում եմ, որ պետք է բարձրացնել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային դուրս վռնդելու հարցը, քանի որ այդ ձևաչափը կազմակվորվել է կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով: Բայց, փաստացի, այսօր ունենք մի իրավիճակ, որ Թուրքիան, լինելով Մինսկի խմբի անդամ, ուղղակիորեն ներգրավված է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմում: Սա նշանակում է, որ նա այլևս չի կարող լինել այդ կառույցի անդամ: Կարծում եմ, սա ևս պատշաճ ապտակ կլինի Էրդողանին, քանի որ Թուրքիան այլևս հատել է բոլոր կարմիր գծերը»,- ասաց Ա. Մարուքյանը:
Նինա Ասատրյան