ՌԴ–ում Հայաստանի դեսպանատուն՝ վթարի հետեւանքով զոհվել է Երեւան–Մոսկվա ուղեւորատար ավտոբուսի վարորդը (Ֆոտո)
ՀասարակությունՌուսաստանում Հայաստանի դեսպանատանը փոխանցած ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, մարտի 20-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ին Մ-4 «Դոն» (Վորոնեժի մարզ) միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին իրար են բախվել Երեւան–Մոսկվա ուղեւորատար ավտոբուսն ու բեռնատարը։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
Ըստ տեղեկությունների՝ «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսի եւ բեռնատարի բախման արդյունքում զոհվել է երկու մարդ (ավտոբուսի եւ բեռնատարի վարորդները)։
Բախման պահին ավտոբուսում 50 մարդ է եղել (48 ուղեւորներ եւ վարորդը)։
Ավտոբուսի 8 ուղեւորներ հոսպիտալացվել են Պավլովսկի կենտրոնական հիվանդանոցում։ Տուժածներից երեքի վիճակը գնահատվում է ծանր, իսկ երկուսինը՝ միջին ծանրության։ Մեկ մարդ բժշկական օգնություն է ստացել եւ դուրս գրվել։ Ներկայումս երկու տուժածներ բուժզննություն են անցնում։
Մյուս ուղեւորները՝ մոտ 40 հոգի տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց: