Կոտայքի մարզում մեքենան գահավիժել է անդունդը. անչափահաս տղաներից մեկը տեղում մահացել է
ՀասարակությունԱյսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 34 RZ 811 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լուսակերտի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 90 մետր գահավիժել անդունդը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետեւ դեպքի վայր ժամանած փրկարարներն ու ոստիկանները
Կայքը հայտնում է, որ մահացածին քաղաքացիները, փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մեքենայից դուրս շպրտված:
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի եւ վիրավորների ինքնությունը: Մահացածն ու վիրավորները անչափահաս տղաներ են: