Կանադան Լատվիայում ՆԱՏՕ-ի գումարտակում կտեղակայի 455 զինծառայող, մեկ ավիախումբ ու մեկ ռազմանավ
ՄիջազգայինԿանադան 455 զինծառայող, մեկ ավիախումբ ու ռազմանավ կուղարկի Լատվիա, որտեղ 2017-ի սկզբին տեղակայվելու է ՆԱՏՕ-ի գումարտակը։ Այս մասին ասվում է Կանադայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ցամաքային խմբից բացի Լատվիայում կտեղակայվի նաեւ ավիացիոն խումբ, որը բաղկացած կլինի CF-18 վեց կործանիչ ռմբակոծիչներից, իսկ երկրի ծովային ակվատորիայում մշտական ռազմական հերթապահություն կիրականացնի Կանադայի ՌԾՈւ ֆրեգատը։ ՊՆ-ում շեշտել են, որ տվյալ խմբավորման տեղակայումը Լատվիայում «Կանադայի ներդրումն է Արեւելյան ու Կենտրոնական Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ավելացմանը»։ «Սա կլինի Կանադայի խոշորագույն ռազմական ներկայությունը Եվրոպայում վերջին տասը տարիներին»,- հավելել են գերատեսչությունից։
Լատվիայում ՆԱՏՕ-ի գումարտակի հրամանատարությունը Կանադան է ստանձնելու, գումարտակում կանադացի ու տեղացի զինվորականներից բացի լինելու են զինծառայողներ նաեւ Ալբանիայից, Իտալիայից, Լեհաստանից ու Սլովենիայից։ 2017-ի սկզբին ՆԱՏՕ-ն մտադիր է Արեւելյան Եվրոպայում չորս գումարտակ տեղակայել՝ յուրաքանչյուրում 1000 մարդ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի խոսքով «Կանադան ստանձելու է Լատվիայում «առաջատար» ազգի դերը, Գերմանիան ղեկավարելու է Լիտվայում տեղակայված գումարտակը, Միացյալ Թագավորությունը՝ Էստոնիայում, ԱՄՆ-ն էլ Լեհաստանում։
Կանադացի զինվորոկանները մշտապես ներկա են Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ երկրներում 2014-ից սկսած, երբ սկսվեց ուկրաինական ճգնաժամը։