Մոսուլն ազատագրելու դեպքում ԻՊ զինյալները կհեռանան Սիրիա. արեւելագետ
ՄիջազգայինՄոսուլն ազատագրելու դեպքում Սիրիայում պետք է իրավիճակի սրում ակնկալել։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել արեւելագետ Կարինե Գեւորգյանը՝ մեկնաբանելով Իրաքի Մոսուլ քաղաքի շուրջ ծավալվող իրադարձությունները։
Քաղաքագետը հիշեցրել է, որ կողմնակի տեղեկություններով Մոսուլում մնում է 1.5 մլն մարդ, որոնց վերահսկում են ԻՊ 6 հազար գրոհայինները։
«Հատկանշական է, որ երբ խոսք է գնում քաղաքի ազատագրման գործողությունների մասին, այդ մասին բարձրաձայն չի ասվում։ Այստեղ ամեն բան հակառակն է։ Դա կարող է նշանակել միայն մի բան. գրոհայիններին միջանցք են տալիս հեռանալու համար։ Դեպի Սիրիա»,– արձանագրեց արեւելագետը։
Կարինե Գեւորգյանը կարծում է, որ ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ տեղի է ունենում։ «Մոսուլն ազատագրելուց հետո ԱՄՆ–ը եւ նրա դաշնակիցներն իրենց հերոսներ, այսինքն՝ հաղթողներ կհայտարարեն։ Զուգահեռաբար կվատանա վիճակը Սիրիայում»,– ասել է Գեւորգյանը՝ հավելելով, որ խառնաշփոթության մեջ իրենց բաժինն ունեն որոշ լրատվամիջոցներ, որոնք հայտարարում են, որ Մոսուլի ազատագրման գործին միացել են քրդերը՝ դաշնակցելով Թուրքիայի հետ։ Իրականում, արեւելագետի խոսքով, խոսքը փեշմերգայի ջոկատների մասին է, որոնք Թուրքիայի հետ նորմալ հարաբերությունների մեջ են։