Ռոստովցի կարատեիստը չի մեկնել Երեւան մրցույթի եւ խուսափել ավտովթարից
ՄիջազգայինԱվտոբուսով Երեւան ուղեւորված կարատեի ռուսական թիմի անդամներից Օլեգ Անդրեեւը թիմի հետ չի մեկնել եւ դրանով խուսափել է Բեսլանի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարից: Այս մասին Անդրեեւը հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակցին:
«Ես պետք է մեկնեյի մրցումների, բայց ֆինանսական խնդիրներ կային, ուստի մնացի, մեկնեցին իմ ընկերները: Այս ամենն անսպասելի է, ընկերներիս վիճակն այնքան էլ լավ չէ, հավատս չի գալիս»,-ասել է նա:
Նշենք, որ Երեւանում հոկտեմբերի 15-ին պետք է տեղի ունենա Caucasus star կարատեի միջազգային մրցաշարը: Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի նախարարության Ռոստովի մարզի վարչությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ իրենց հայտնի չէ մարզիկների խմբի մասին, որոնք ուղեւորվել են Երեւան:
Անդրեեւը նշել է, որ ուղեւորությունը չեն ֆինանսավորել տարածաշրջանային իշխանությունները, այլ իրականացվել է մարզիկների ու մարզիչների սեփական միջոցների հաշվին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Ավտոբուսի 52 ուղեւորներից 5-ը: Մահացածներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 3-ը՝ ՌԴ-ի: Տուժածների թվում 4-ը երեխաներ են. նրանցից մեկի վիճակը ծանր է:
Մահացածներից մեկը դեռահաս կարատեիստ է, եւս մեկը՝ նրա մարզիչը: