Հանրապետականները քննարկում են Թրամփի թեկնածությունը հանելու հարցը. լրատվամիջոց
ՄիջազգայինԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի մի քանի բարձրաստիճան անդամներ քննարկում են նախագահական քարոզարշավից Դոնալդ Թրամփի թեկնածությունը հանելու հարցը, թեեւ նման քայլը կապված է բազմաթիվ ընթացակարգային բարդությունների հետ, իկ ընտրություններին մնացել է ընդամենը մեկ ամիս ժամանակ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Politico պորտալի փոխանցմամբ, Հանրապետական կուսակցության առաջնորդները այս հանգստյան օրերին վերագնահատում են իրենց նախընտրական ռազմավարությունը՝ Թրամփի շուրջ վերջին սկանդալի ֆոնին։ Խոսքը 2005 թվաանին արված տեսանյութի մասին է, որտեղ Թրամփը ելույթում վիրավորական եւ անպարկեշտ մեկնաբանություններ է անում կանանց հասցեին։
Հաշվի առնելով այն, որ ընտրություններին մնացել է ուղիղ մեկ ամիս, քվեաթերթիկներն արդեն տպագրված են, իսկ որոշ նահանգներում արդեն սկսվել է արտահերթ քվեարկությունը, մեկնաբանները նշում են, որ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի իրավաբաններին բարդ խնդիր է սպասվում։
Politico-ի տվյալներով, իրավաբաններն արդեն եզրակացրել են, որ Թրամփը պետք է համաձայնի իր թեկնածությունը հանելու փորձերին, թեեւ վերջինս բացառել է նման հնարավորությունը։