Ընտրություններ Վրաստանում. Իվանիշվիլին կոչ է արել քվեարկել՝ հենվելով «խելքի, այլ ոչ զգացմունքների վրա»
ՄիջազգայինՎրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկրի քաղաքացիներին կոչ է խորհրդարանական ընտրություններում քվեարկել՝ հենվելով խելքի, այլ ոչ զգացմունքների վրա: Այս մասին հաղորդում է Sputnik Գրուզիան:
«Կարծում եմ՝ բնակչության մեծ մասն այսօր կկարողանա եւ կընտրի խելքով, մտքով, այլ ոչ զգացմունքներով, մտածված, այլ ոչ հավատով»,- քվեարկելուց հետո ասել է Իվանիշվիլին:
Նա նշել է, որ ինչ-որ պահի մարդիկ հավատում են որոշակի կուսակցության կամ քաղաքական գործչի, եւ հետեւելով այդ հավատին՝ բազմաթիվ տարիներ սատարում են նրանց: «Այսօրվա ընտրություներն առանձնահատուկ են նրանով, որ մեր հանրության հիմնական եւ հսկայական հատվածը կարողացավ խելքով եւ մտքով կատարել իր ընտրությունը»,- ասել է Իվանիշվիլին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Հիմնական պայքարը ծավալվում է վերջին 4 տարիներին իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կոալիցիայի եւ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժման» միջեւ: