ՌԴ ՊՆ. Սիրիական ընդդիմությունը Հալեպի բնակիչների դեմ բռնաճնշումներ է սկսել
ՄիջազգայինՍիրիայում ընդդիմությունն ականապատել է Հալեպից բնակչության համար բոլոր ելքերը: Հակառակորդների դեմ բռնաճնշումներ են սկսվել: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:
«Սիրիական բանակի ստորաբաժանումները երկու անգամ՝ սեպտեմբերի 15-ին եւ 16-ին, «Կաստելլո» ճանապարհից զորքերի դուրսբերման գործընթաց են սկսել: Սակայն ԱՄՆ-ն չկարողացավ «Կաստելլո»-ից ընդդիմության զինված ջոկատների դուրսբերում ապահովել եւ կառավարական զորքերը վերադարձան ելման դիրքեր»,- ասել է նա:
Անտոնովի խոսքով՝ այդ պատճառով չհաջողվեց ապահովել ՄԱԿ-ի մարդասիրական բեռների շարասյուների անվտանգությունը եւ Հալեպի բնակչությանն օգնություն հասցնելու գործը ձախողվեց:
Ըստ պաշտոնյայի՝ այդ պայմաններում հաշտեցման ռուսական կենտրոնը պարենի եւ դեղորայքի մատակարարում կազմակերպեց Հալեպ քաղաքի կարիքավոր բնակչության համար, խաղաղ քաղաքացիների ելքի եւ զինյալների անցման համար յոթ կետ բացվեց:
«Սակայն, այսպես կոչված, ընդդիմությունն ականապատեց բոլոր ելքերը, քաղաքը լքել փորձող բնակիչների դեմ բռնաճնշումներ սկսվեցին: Ավելին, ընդդիմության ջոկատների դաշտային հրամանատարները հրաժարվեցին ՄԱԿ-ի մարդասիրական բեռները քաղաք թողնել»,- ընդգծել է Անտոնովը: