Զախարովա. Մոսկվան ցավում է Վաշինգտոնի որոշման համար
ՄիջազգայինՄոսկվան ցավում է Սիրիայի հարցով մասնագետների խմբերի աշխատանքը դադարեցնելու մասին Վաշինգտոնի որոշման համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ «Վաշինգտոնի անգործությունը հանգեցրեց նրան, որ հրադադարի ընթացքում զինյալները վերակազմավորեցին ուժերը, զենք ստացան, մոբիլիզացրեցին ռեսուրսները»: Ըստ Զախարովայի՝ ԱՄՆ-ն փորձում է Սիրիայի հարցով համաձայնությունները չկատարելու պատասխանատվությունը Ռուսաստանի ուսերին բարդել:
«Ստացվում է, որ Վաշինգտոնը պարզապես չի կատարել համաձայնության առանցքային պայմանները՝ Հալեպի բնակիչների մարդասիրական իրավիճակը մեղմացնելու համար: Իսկ հիմա, չկարողանալով կատարել այդ պայմանավորվածությունները, որոնք հենց իրենք են մշակել, փորձում են ինչ-որ մեկի վրա բարդել մեղքը»,- հայտարարել է Զախարովան:
Վերջին օրերին, ըստ նրա, Ռուսաստանը ջանքեր էր գործադրում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ Սիրիայում հրադադարը պահպանելու համար, սակայն Վաշինգտոնը հրաժարվեց հասնել սիրիական Կաստելոյի ճանապարհից ընդդիմության զինված ջոկատների հեռացմանը, ինչը նախատեսված էր սեպտեմբերի 9-ի համաձայնությամբ: