Սիրիահայի ընկերությունը ցանկանում է փոքր ՀԷԿ-երի համար ավտոմատ սարքեր թողարկել
ՄիջազգայինKhenkikian Electronics ընկերությունը ցանկանում է փոքր ՀԷԿ-երի համար ավտոմատ սարքեր թողարկել: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ընկերության ղեկավար սիրիահայ Շանթ Խնկիկյանը, ընկերությունը ցանկանում է արտադրությունն սկսել արդեն այս տարի:
Ձեռնարկությունը գեներատորների հսկման սարքեր եւ այլ էլեկտրոնիկա է արտադրում, նաեւ կազմում է այդ սարքերի ծրագրային ապահովումը: Հիմա ընկերությունը ցանկանում է ՀԷԿ-երի ավտոմատ սարքերի արտադրություն սկսել՝ հաշվի առնելով հայկական շուկայում այդ սարքերի պահանջարկը (վերջին 10-15 տարվա ընթացքում Հայաստանում տասնյակ փոքր հիդրոկայաններ են կառուցվել, այժմ գործում է 173 ՀԷԿ):
«Մենք արդեն ներկրել ենք արտադրության համար անհրաժեշտ հարահոս գծեր եւ ցանկանում ենք կառավարման, բաշխիչ ցանցով էլեկտրակայանների համաժամանակացման սարքեր թողարկել: Շուկայի ակտիվությունն ավելին է մեր ենթադրածից, այնպես որ՝ մտադիր ենք մեր էլեկտրոնիկայի արտադրությունը շարունակել»,- հավելել է նա: