ԱՄՀ-ն Ուկրաինայի առաջ պայմաններ է դրել չորրորդ տրանշի ստացման համար
ՄիջազգայինԱրժույթի միջազգային հիմնադրամն Ուկրաինային մի շարք պայմաններ է առաջադրել վարկի չորրորդ տրանշի ստացման համար, հայտնում է «Ապոստրոֆը»` վկայակոչելով համագործակցության մասին հուշագրի թարմացված տարբերակը:
Նշվում է, որ տրանշի ստացման համար Ուկրաինան պետք է ժողովրդականություն չվայելող կենսաթոշակային բարեփոխում անցկացնի, օպտիմալացնի բնակարանային սուբսիդիաների վճարման համակարգը, ինչպես նաեւ գազի եւ ջեռուցման սակագների բարձրացման մեխանիզմ մշակի:
Ուկրաինան պետք է 2016-ի դեկտեմբերին օրենք ընդունի, որը նախատեսում է կենսաթոշակային տարիքի աստիճանական փոփոխություն:
«Եվս մի պահանջ է մինչեւ հոկտեմբերի վերջ գազի եւ ջեռուցման սակագների եռամսյակային շտկման ժամանակավոր մեխանիզմի ներդրումը այն դեպքի համար, եթե սակագները 10 տոկոսով կամ ավելի շեղվեն գազի ներմուծման արժեքն ամբողջովին ծածկելուց», — ասված է հաղորդագրության մեջ:
Մինչեւ դեկտեմբերի վերջ երկրում պետք է օրենսդրական փոփոխություններ ընդունվեն ավելի թափանցիկ մասնավորեցման համար: Բացի այդ, մինչեւ հոկտեմբեր բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները պետք է 2015 թվականին իրենց ունեցվածքի վերաբերյալ էլեկտրոնային հայտարարագրեր ներկայացնեն:
Դարձյալ մինչեւ նոյեմբերի վերջ խորհրդարանը պետք է Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի վերաբերյալ օրենսդրություն ընդունի: