Լավրովը եւ Քերրին քննարկել են Սիրիայի վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործումը
ՄիջազգայինՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով զրուցել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ եւ նրա հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը: Այդ մասին հայտնում է ռուսական գերատեսչության կայքը:
Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
«Ուշադրության կենտրոնում եղել է սեպտեմբերի 9-ի ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների իրագործումը, որն ուղղված է Սիրիայում խաղաղ գործընթացի գործարկմանը, հումանիտար իրավիճակի թեթեւացմանը եւ ահաբեկիչների դեմ համատեղ պայքարին», — ասված է հաղորդագրության մեջ:
Լավրովը եւ Քերրին քննարկել են նաեւ դեպի Հալեպ մարդասիրական մուտքի շուտափույթ ապահովման անհրաժեշտությունը, Լավրովն ուշադրություն է դարձրել անօրինական զինված խմբավորումների կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի բանակը ստիպված կլինի դիտարկման ինքնաթիռները տեղափոխել այլ շրջաններից եւ մեծացնել հետախուզության վերլուծաբանների թիվը Սիրիայում հրադադարի վերաբերյալ համաձայնագրի շրջանակում Ռուսաստանի հետ գործողությունների համադրման նպատակով: