ՌԴ-ն Լեհաստանին կոչ է անում անհապաղ հրապարակել Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիաաղետի վերաբերյալ նյութերը
ՄիջազգայինՌուսաստանը Լեհաստանին կոչ է անում անհապաղ հրապարակել 2010 թվականին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիաաղետի վերաբերյալ լրացուցիչ նյութերը, ճեպազրույցին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչը եւ արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին վերջերս աչքի են ընկել մի շարք «ռուսատյաց հայտարարություններով»: «Մենք ենթադրում ենք, որ դա արդեն անհեթեթության սահմանին է հասել կամ անդին է: Այդ հայտարարությունների էությունն այն է, որ ռուսական կողմն իբր կապ ունի 2010 թվականի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ Լեհաստանի նախագահի ինքնաթիռի աղետի հետ: Դժվար է մեկնաբանել հերթական հակառուսաստանյան հարձակումները, մանավանդ` նման ծայրահեղ ձեւով, թեկուզեւ` նախարարական պորտֆել ունեցող մարդկանց շուրթերից հնչած», - նշել է նա:
Նրա խոսքով, եթե լեհական կողմի ձեռքում իրոք, ինչպես ինքն է պնդում, այդ գործի վերաբերյալ լրացուցիչ նյութեր են հայտնվել, անհրաժեշտ է անհապաղ դրանք ներկայացնել եւ միջազգային հանրությանը, եւ ռուսական կողմին` խուսափելու չարաշահումներից եւ փոխադարձ թյուրըմբռնման հետագա խորացումից:
Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու Տու-154 ինքնաթիռը աղետի էր ենթարկվել 2010 թվականի ապրիլի 10-ին` «Սմոլենսկ-Հյուսիսային» օդանավակայանում վայրէջքի գնալիս: Ինքնաթիռում 96 մարդ է եղել: Ինքնաթիռում 88 ուղեւոր կար եւ անձնակազմի ութ անդամ, որոնք թռչում էին Կատինում սգո արարողությանը մասնակցելու: Նրանք բոլորը զոհվել են: