Գերմանիայի ԱԳ նախարարը դեմ է ԵՄ-ի կազմից Հունգարիային հեռացնելուն
ՄիջազգայինԳերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հայտարարել է, որ չի սատարում Եվրամիության կազմից Հունգարիայի հնարավոր հեռացման մասին խոսակցությունները: «Անձամբ ես չեմ կիսում կարծիքն այն մասին, որ եվրոպական որեւէ երկրի կարելի է դուռը ցույց տալ»,- Լատվիա կատարած այցի ժամանակ ասել է Շթայնմայերը:
Ըստ DW-ի՝ նա ընդգծել է, որ Լյուքսեմբուրգից իր գործընկերոջ խոսքերը եվրոպական երկրների առաջնորդների «համաձայնեցված դիրքորոշում» չեն:
«Մյուս կողմից՝ կարող եմ հասկանալ, որ Եվրահանձնաժողովի եւ հունգարական կառավարության միջեւ շարունակվող քննարկումները հաշվի առնելով՝ Եվրոպայում ոմանք կորցնում են համբերությունը»,- հավելել է գերմանացի դիվանագետը:
Ավելի վաղ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը պահանջել էր Հունգարիային հեռացնել ԵՄ-ի կազմից՝ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ գործող կառավարության քաղաքականության պատճառով: