Թուրքիան պատրաստ է ՄԱԿ-ի գծով հումանիտար օգնություն ուղարկել Հալեպի բնակիչներին. ԱԳՆ
ՄիջազգայինԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ողջունել է Սիրիայում ճգնաժամի կարգավորման մասին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը:
«Թուրքիան հաճույքով է ընդունում այն համաձայնագիրը, որը ձեռք է բերվել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև տևական բանակցությունների արդյունքում։ Համաձայնագիրը, որն ուժի մեջ կմտնի Ղուրբան-բայրամի տոնի առաջին օրվանից, մեծ կարևորություն է ներկայացնում ողջ Սիրիայի տարածքում և գլխավորապես Հալեպում հրադադարի հաստատման համատեքստում»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունում նաև նշված է, որ Թուրքիան պատրաստ է ՄԱԿ-ի գծով հումանիտար օգնություն ուղարկել Հալեպի բնակիչներին, ինչպես նաև կշարունակի ջանքեր գործադրել համաձայնագրի իրագործման ուղղությամբ, որը հնարավորություն կտա նվազեցնել բռնությունները, մեղմացնել տառապանքներն ու վերսկսել խաղաղության բանակցությունները։