ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են ռազմագերի Արսեն Բաղդասարյանին
ՄիջազգայինԿարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են դեռեւս 2014-ի դեկտեմբերի 26-ից Ադրբեջանում գերի պահվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին: Այս մասին տեղեկացրեց ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը:
«Տեսակցությունը անցել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակում: Բոլոր դիտարկումները քննարկվում են այն կողմի հետ, ում իշխանության ներքո է գտնվում ազատազրկված անձը: Ըստ իր աշխատելաոճի' Կարմիր Խաչը հանրությանը չի ներկայացնում տեսակցության արդյունքները»,-նշեց նա:
ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբեր 26-ին: 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ դիվերսիոն գործողություններ կատարելու մեղադրանքով:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ԼՂՀ ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, ինչի ընթացքում էլ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը ձերբակալվել է։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ պնդումները' տեղեկացնելով, որ լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել էր մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված էր եղել ծառայությունից: