ԱՊՀ-ի գագաթնաժողովը փաստաթուղթ կընդունի նոր պայմաններին Համագործակցության ադապտացման մասին
ՄիջազգայինՆոր պայմաններին ԱՊՀ-ի ադապտացման մասին փաստաթուղթը կներկայացվի Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Բիշքեկում: Այդ մասին սեպտեմբերի 8-ին հայտարարել է ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:
«Արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 16-ին Բիշքեկում կհավաքվեն իրենց հերթական նիստին, որից անմիջապես հետո տեղի կունենա Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստը»,- ասել է Լեբեդեւը «Անկախ Պետությունների Համագործակցության կազմավորման օրվա 25 տարին» թեմայով բաց ամբիոնի ընթացքում:
Գործկոմի նախագահի խոսքով՝ այդ նիստի շրջանակներում պլանավորված է «նոր պայմաններին ԱՊՀ-ի ադապտացման վերաբերյալ» կարեւոր որոշումների ընդունում:
Լեբեդեւը հիշեցրել է, որ այդ փաստաթղթի պատրաստման վերաբերյալ որոշումն ընդունվել է տակավին 2015 թվականին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությամբ եւ հավանություն է գտել ԱՊՀ-ի մյուս անդամ երկրների կողմից:
Նա ընդգծել է, որ այն հայտարարությունները, թե ԱՊՀ-ն «սպառել է իրեն եւ դատապարտված է ինքնալուծարման», ոչ մի հիմք չունեն: «Կյանքն ինքն է մեզ թելադրում այս բացառիկ միավորման (պահպանման – խմբ.), դրա կատարելագործման եւ գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը»,- եզրափակել է գործադիր քարտուղարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: