Արդյո՞ք «4 տարբերակը» վերամիավորվում է. Պարզաբանում է Գոհար Ջավուկցյանը
LifeՎերջերս երգչուհի Գոհար Ջավուկցյանը Facebook-ի իր էջում տեղադրեց «4 տարբերակ» խմբի մյուս աղջիկների` Քնարիկ Զաքարյանի եւ Նարինե Մկրտումյանի հետ մի լուսանկար, որը մակագրված է. «Show must go on»: Լուսանկարից պարզ է դառնում, որ երբեմնի սիրված խմբի անդամները համախմբվել են նոր աշխատանքի շուրջ: NEWS.am STYLE-ը զրուցեց Գոհարի հետ` պարզելու արդյո՞ք խումբը վերամիավորվել է եւ ի՞նչ նորությամբ են պատրաստվում հանդես գալ առաջիկայում.

«Ոչ մի մշակված նախագիծ չկա ներկա պահին: Բայց պատրաստվում ենք հանդիսատեսի դատին հանձնել նոր համատեղ երգ եւ տեսահոլովակ»,-մեզ հետ զրույցում նշեց Գոհարը:
Երգչուհիները վաղուց էին մտածում կրկին միասին հանդես գալու մասին եւ, ահա, պահն արդեն հասունացել է.
«Կներկայանանք նույն կազմով, բացառությամբ Գոհար Հովհաննիսյանի, որը ներկայումս բոլորովին այլ ժանրում է հանդես գալիս»:
Գոհար Ջավուկցանը, սակայն, դժվարացավ հստակ ասել` խումբը միավորվելո՞ւ է, թե՞ ոչ.
«Հիմա ստույգ ոչինչ չեմ կարող ասել: Դա կերեւա ընթացքում»:
Երգչուհու փոխանցմամբ` իրենց նոր աշխատանքը մոտ երկու ամսից արդեն հասանելի կլինի բոլորին:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Գոհար Ջավուկցյանի Facebook-ի էջից