Արտասովոր իրավիճակ Պուտինի հրամանագրից հետո
Ուշադրության կենտրոնումLragir.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս երկրի կառավարությանը հանձնարարել է ոչ բարեկամ երկրներին վաճառված գազի ու նավթի դիմաց վճարումն ընդունել ռուբլով։ Ըստ հանձնարարականի՝ ոչ բարեկամ երկրների գնորդները պետք է Ռուսաստանի Կենտրոնական բանկից ռուբլի գնեն և դրանով վճարեն ստացած ապրանքի դիմաց։
Ուկրաինայում սկսած պատերազմից հետո ֆինանսական շուկան ցնցումներից զերծ պահելու համար Ռուսաստանն արտարժութային գործառնությունները խիստ սահմանափակել է, որպեսզի երկրից դոլարն ու եվրոն դուրս չհոսեն։
Միևնույն ժամանակ, պատժամիջոցները սառեցրել են Ռուսաստանի արտարժութային պահուստները, և Մոսկվան չի կարողանում օգտվել դրա մեծ մասին սեփական կարիքները հոգալու համար։ Այսպիսով, ՌԴ իշխանությունը երկիր մեծ ծավալի արտարժույթ բերելու տարբերակ է մտածել։
Բայց այս որոշման հետ կապված արտասովոր վիճակ է ստեղծվել։ Տարիներ շարունակ բարեկամ համարվող երկրները, այդ թվում՝ Հայաստանը, փորձել են հասնել նրան, որ ռուսական գազի դիմաց վճարեն ռուսական ռուբլով, բայց ռուսական կողմը չի ցանկացել դոլարի փոխարեն ռուբլի ստանալ։
Ըստ ՀՀ կառավարության՝ ներկայում էլ ընթանում են բանակցություններ ռուբլով վճարելու համար։ Մարտի 24-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց Երևանն ու Մոսկվան քննարկում են Հայաստան մատակարարվող ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու հարցը։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։