Այսօր դու պետք է դառնայիր 32 տարեկան, բայց հավերժ մնացիր 31. հերոսաբար զոհված Տարոն Սահակյանն այսօր կդառնար 32 տարեկան
Ուշադրության կենտրոնումԱլվարդ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԱՅՍՕՐ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԱԾ ԱՎ.ԼՏ. ՏԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է։
Շնորհավոր երկնային ծնունդդ, իմ երկրային հերոս գիտես չէ՞, որ ատում եմ երկնային ծննունդները։ ։ Դու դարձար ազգի այն ընտրյալներից մեկը, ով, առանց երկմտելու, գիտակցաբար զոհեց կյանքը` հանուն պատվի ու հայրենիքի։ Դու քո 31 տարին ապրեցիր պատվով, հագեցած ու իմաստալից կյանքով, հոգուդ ողջ սերն ու ջերմությունը տվեցիր աշխարհին վայելեցիր կյանքի բարիքները, երջանկացար քո գեղեցիկ ընտանիքով, անմնացորդ նվիրվեցիր ընկերներիդ ու տվեցիր կյանքդ` մեր կյանքի դիմաց։ Իսկ իմ կյանքը բաժանվեց երկու մասի` քեզ հետ ու քեզնից հետո։ Երջանկությունս փոխարինվեց անսահման ցավով ու դատարկությամբ, աշխարհը կորցրեց իր գույները։ Հիմա ինձ համար աշխարհում միայն մի գույն կա֊ ու դա` անգույնն է։
Երանի ես լինեի քո փոխարեն ու դու՛ այսօր, տղայիդ ձեռքից բռնած, գայիր իմ գերեզմանին։ Այդժամ, ես՛ էլ, տղա՛դ էլ երջանիկ կլինեինք։ Այդ ժամանակ ես չէի տեսնի տղայիդ աչքերի ցավն ու անհույս կարոտը, չէի տեսնի, թե ինչպես է տղադ ցավով, բայց` հպարտությամբ փչում քո երկնային ծննդյան տորթի մոմերը։
Հիմա մեզ մնացել է միայն հպարտությունը։ Բայց, հավատա, որդիս՛, միային հպարտությունը բավարար չէ առանձ քեզ ապրել կարողանալու համար։ Առանց քեզ անհնար է ապրել, առանց քեզ, ես, պարզապես, շնչահեղձ եմ լինում։
Ատում եմ երկնային ծնունդները։ ՈՒզում եմ, որ Հայաստանում էլ ոչ մի մայր չնշի զավակի երկնային ծնունդը։