Երիտասարդ իտալուհին, որին 1.5 տարի առաջ առեւանգել էին Քենիայում, վերադարձել է հայրենիք
ՄիջազգայինԻտալուհի Սիլվիա Ռոմանոն, որին 2018 թվականի նոյեմբերին առեւանգել էին Քենիայում, վերադարձել է հայրենիք Հռոմի «Չամպինո» օդանավակայանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ի տեսաուղերձին։
Քենիայում Ռոմանոն զբաղվում էր երեխաների աջակցության հարցերով Africa Milele հումանիտար կազմակերպության շրջանակում։ 23-ամյա կնոջն առեւանգել էին զինված մարդիկ Քենիայի հեռավոր Կիլիֆի շրջանում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակվածները խոսում էին սոմալերեն։
Այս տարվա հունվարին Ռոմանոն հայտնվել էր տեսանյութում եւ հայտարարել, որ լավ է զգում իրեն, որից հետո իտալական հետախուզությունը սկսել էր բանակցությունները «Ալ Շաբաբ» սոմալիական արմատական խմբավորումից նրան ազատագրելու ուղղությամբ, ինչը տեղի է ունեցել ուրբաթ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի մերձակայքում։ Իտալական ԶԼՄ-ների խոսքով՝ արմատականների հետ բանակցություններն անցկացվել են սոմալիական եւ թուրքական հատուկ ծառայությունների աջակցությամբ։
Կիրակի ցերեկը Ռոմանոն ժամանել էր Հռոմ փոքր ինքնաթիռով։ Օդանավակայանում բացի բարեկամներից, նրան դիմավորել է նաեւ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն եւ ԱԳՆ նախարար Լուիջի Դի Մայոն։ Ինքնաթիռից կինը դուրս է եկել կանաչ մահմեդական հանդերձանքով, որը փակում է նրա գլուխը, եւ կորոնավիրուսից պաշտպանիչ դիմակով։ Օդանավակայանից նա ուղեւորվել է դատախազություն քննիչների հետ շփվելու համար, որոնք վարում են նրա առեւանգնման գործը։