Վեհափառի դեմ արշավը ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր
ՔաղաքականությունԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի դեմ իրականացվող տեղեկատվական արշավը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կարծիքով սպառնում է ազգային անվտանգությանը: Նրա դիտարկմամբ, թեև այդ արշավում ներգրավված անձանց թիվը մեծ չէ և նրանք ողջ ժողովրդի տրամադրությունները չեն արտահայտում, բայց այդ աղմուկի մեջ փորձ է արվում խեղդել այլ վտանգներ, որոնք ավելի տեսանելի են: Իրական վտանգը, ըստ Վանեցյանի, ապօրինի գույքի բռնագանձմանն է վերաբերում, որը քողարկվում է Կաթողիկոսի շուրջ սկսված աղմուկի ներքո:
Ու թեև նա կողմ է Հայաստանում կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելուն, սակայն, ըստ Վանեցյանի, դա պետք է անել ոչ թե շոուներ կազմակերպելու և պոպուլիստական քայլեր կատարելու միջոցով, այլ հարկավոր է ինստիտուցիոնալ պայքար մղել, որն ավելի արդյունավետ կլինի: Վանեցյանի կարծիքով՝ շատ կարևոր է նաև հասկանալ, թե ովքեր և ինչպես պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ: Հակառակ դեպքում այն կվերածվի անզիջում պայքարի ու կպառակտի ողջ հասարակությանը: Ամեն գնով հասարակությանը պառակտելուն մշտապես դեմ արտահայտվող հասարակական գործիչը այլ կերպ է պատկերացնում նաև քաղաքական դաշտում առաջին գծում հայտնվելու քայլերը: Ըստ նրա, ամեն դեպքում, ամենակարևորն այն է, որ այնպիսի գործընթացներ նախաձեռնվեն ու իրականացվեն, որոնք հետագայում չեն ուղղվի սեփական երկրի ու պետականության դեմ: