Ես իմ աշխատանքի վայրում եմ. Առուշ Առուշանյանը՝ իրեն ձերբակալելու մասին
Հասարակություն«Ես չեմ ձերբակալվել, երեկ էլ եմ աշխատանքի եղել, այս պահին էլ իմ աշխատանքի վայրում եմ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ հերքելով տեղեկությունները, թե քննվող քրեական գործի շրջանակում խուզարկություն է տեղի ունեցել իր և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի բնակարաններում և նրանք ձերբակալվել են։
«Ինձ հետ կապված որևէ խնդիր չի եղել, ոչ մի խուզարկություն չի կատարվել: Չեմ հասկանում՝ ինչու են նման ինֆորմացիաներ տարածում»,- նշեց Առուշանյանը:
Նշենք, որ քիչ առաջ ArmDay.am-ը գրել էր, որ երեկ առավոտյան քննվող քրեական գործի շրջանակում խուզարկություն է տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի բնակարաններում։ Կայքի ունեցած տեղեկություններով՝ Առուշ Առուշանյանը և Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են։ Առուշ Առուշանյանը տեղափոխվել է Երևան։
Հիշեցնենք՝ Առուշ Առուշանյանը 2017 թվականի սեպտեմբերի 14-ին նշանակվել է Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ նույն թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել՝ համայնքի ղեկավար։