Կոմերսանտի «զոնդաժը» Մյունխենում՝ «Լավրովի պլանի» վերաբերյալ․ Ալիևը հավատարմություն հայտնեց, Փաշինյանը շրջանցեց

«Վարչապետը շրջանցեց «Կոմերսանտի» թղթակցի հարցը և ըստ էության՝ չպատասխանեց դրան։ Միայն Ալիևը հերթական անգամ իր հավատարմությունը հայտնեց ռուսական պլանին։ Բայց ակնհայտ է, որ իր շրջանցելով՝ Փաշինյանը հասկացնել տվեց, որ ինքը չի պատրաստվում շարունակել բանակցությունները այդ կետից, և տեղում շեշտեց, որ հիմնախնդրի կարգավորման ուղին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծման փնտրտուքն է»։

Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ  միջև կազմակերպված բաց քննարկումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ, անշուշտ, շատ հետաքրքիր էր, ուշագրավ, այն մեծ աժիոտաժ առաջացրեց թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, թե՛ միջազգային մամուլում՝ իր հետ առաջ բերելով մի շարք հարցեր, ենթադրություններ, դատողություններ։ Իհարկե, հատկապես Ալիևի ջանքերով քննարկումը արագ վերածվեց պատմաքաղաքական բանավեճի Արցախին և հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող պատմական փաստերի և ադրբեջանական կողմի կեղծ տեսությունների շուրջ։ Պատմությունն, իհարկե, շատ կարևոր է, ու ցանկացած էթնոքաղաքական կոնֆլիկտի, այդ թվում Արցախյան հակամարտության պարագայում պատմաքաղաքական բաղադրիչը մեծ կարևորություն ունի։ Եվ այս իմաստով տեղի ունեցածը ինչ-որ տեղ բնական էր։ Ինչպե՞ս էր պատասխանում Փաշինյանը Ալիևի ագրեսիվ հարձակումներին, որքանո՞վ կարողացավ հակադարձել, ի՞նչ ասաց ու ի՞նչ մոռացավ ասել՝ դրա մասին շատ է գրվել ու խոսվել։

Խնդիրն այն է, որ այս վեճը ստվերեց հակամարտության կարգավորմանը վերաբերող ավելի առարկայական ու գործնական հարցերի քննարկումը։ Թեև որոշակի դիրքորոշումներ, մոտեցումներ երկու առաջնորդները, այնուամենայնիվ, հասցրեցին ներկայացնել։ Ալիևն իր խոսքում փորձում էր համոզել, ապացուցել, որ միակ ճիշտ ճանապարհը հիմնախնդրի փուլային կարգավորումն է` նախկին ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) շրջակա 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին, ադրբեջանցի փախստականների վերադառնում են նշված տարածքներ, կարգավորվում են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, իսկ նախկին ԼՂԻՄ-ի կարգավիճակի որոշման հարցը հետաձգվում է անհայտ ժամկետով։ Ընդ որում, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Ալիևը հստակ հասկացնում է, որ իրենց դիրքորոշմամբ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պիտի լուծվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», այսինքն՝ իրենց ցանկալի տարբերակով։

 

Վարչապետ Փաշինյանն էլ, բնականաբար, սրան ի պատասխան ընդգծում էր այդ տարբերակի անընդունելիությունը, հիշեցնում էր Շահումյանի շրջանի բռնազավթման ու հայաթափման մասին, շեշտում էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանական Հանրապետության կազմի մեջ չի եղել և ինքնորոշվել ու դուրս է եկել ԽՍՀՄ կազմից՝ ճիշտ այնպես, ինչպես դա արել է Ադրբեջանական ԽՍՀ-ն։ Ավելացնում էր, որ եթե ադրբեջանական կողմը փորձում է համոզել, թե իր առաջարկած տարբերակով հարցը լուծելուց կշահեն բոլոր կողմերը, այսինքն՝ եթե Լեռնային Ղարաբաղը մտնի Ադրբեջանի կազմի մեջ՝ Բաքուն կապահովի արցախահայության անվտանգությունն ու գոյությունը իր հայրենի հողում, ապա բոլորն էլ հիշում են, որ Նախիջևանն էլ է ժամանակին ինքնավար հանրապետության կարգավիճակով կցվել Ադրբեջանին, այնտեղ էլ ահռելի քանակությամբ հայկական բնակչություն է եղել, բայց այսօր Նախիջևանում գեթ մեկ հայ չի ապրում։

Հենց այս մթնոլորտում մյունխենյան քննարկման վարող Սելեստա Վալանդերից հարցի իրավունք խնդրեց ռուսաստան «Կոմերսանտ» պարբերականի հատուկ թղթակից Ելենա Չեռնենկոն ու իր հարցում հիշեցրեց ԼՂ հարցի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը՝ «կարգավիճակի հարցը թողնել հետոյին»՝ փորձելով գտնել «միջանկյալ լուծում», այսինքն՝ «անել մի բան, որին կողմերն ավելի պատրաստակամորեն կհամաձայնեն», օրինակ՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա շրջաններում ՄԻՋԱՆՑՔ ստեղծելու հետ կապված»։

«Տեսնո՞ւմ եք ինչ-որ հնարավորություն միջանկյալ մի լուծման, որը կարգավիճակի հարցը կթողնի հետոյին և այլ հարցերը այս փուլում կլուծի», – հարցրեց «Կոմերսանտի» լրագրողը։

Ալիևը պատասխանեց․ «Այո՛, ես կարծում եմ, որ դա հնարավոր է։ Այդ առաջարկը լրջորեն դիտարկվեց Ադրբեջանի կողմից։ Ընդհանուր առմամբ, մենք տվել ենք մեր համաձայնությունը դրան։ Դա ամենաողջամիտ մոտեցումն է։ Մեզ պարզ է, որ պետք է փուլերով լուծենք այս հակամարտությունը, մենք չենք կարող միանգամից մեկ օրում լուծել»։

Նշենք, որ ռուսական «Կոմերսանտը» բավական սերտ կապեր ունի ոչ միայն Կրեմլի, այլև Բաքվի հետ ու հաճախ է Ադրբեջանի օգտին ինֆորմացիոն արտահոսքեր իրականացնում։ Ի դեպ, մամուլին քաջ հայտնի «Լավրովի պլանի»՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ռուսական ծրագրի մանրամասները առաջին անգամ հրապարակվել են հենց «Կոմերսանտ» թերթում 2015 թ․ նոյեմբերին՝ «Լեռնային Ղարաբաղին միացնում են մաքոքային դիվանագիտություն» վերտառությամբ հոդվածում։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

– Պարոն Սաֆարյան, ի՞նչ առաջարկի մասին է խոսքը Ձեր կարծիքով։ Ռուսաստանի ո՞ր առաջարկի մասին է խոսքը։

– Խոսքը վերաբերում է «Լավրովի պլանին», որը ներկայացվել է 2013 թվականից հետո, երբ Կազանյան բանակցությունները ավարտվեցին Ադրբեջանի մերժումով, որից հետո առաջ եկավ, այսպես կոչված, ռուսական պլանը կամ «Լավրովյան պլանը»։ Որպես աշխատանքային փաստաթուղթ այն, իհարկե, երբևիցէ չի հրապարակվել որևէ ձևով, բայց նույն «Կոմերսանտ» արտահոսք էր տվել, ընդ որում՝ հենց այն ժամանակ, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանում էր տարածաշրջան։ Դա 2015 թ․ աշնանն էր։ Եվ հետաքրքիրն այն է, որ 2016 թ․ Ապրիլյան պատերազմից հետո ռուսական կողմն ինքը ստիպված հերքեց «Լավրովյան պլանի» գոյությունը։ Դա արել է դեկտեմբերին, հունվարին, մայիսին և հոկտեմբերին։ Առնվազն 4 անգամ հերքվել է, որ ռուսական ծրագիր է եղել։

Անկեղծ ասած՝ ես ուրախ եմ, որ վարչապետը շրջանցեց այդ հարցը և ըստ էության՝ չպատասխանեց դրան։ Միայն Ալիևը հերթական անգամ իր հավատարմությունը հայտնեց ռուսական պլանին։ Բայց ակնհայտ է, որ իր շրջանցելով՝ Փաշինյանը հասկացնել տվեց, որ ինքը չի պատրաստվում շարունակել բանակցությունները այդ կետից, և տեղում շեշտեց, որ հիմնախնդրի կարգավորման ուղին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծման փնտրտուքն է։

Իսկ ռուսական կողմն ակնհայտորեն փորձում է հասկանալ, թե որքանով է Հայաստանի նոր կառավարությունը շարունակելու նախկին իշխանությունների գիծը։ Ուշադրություն դարձրեք, որ այստեղ էլ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները, նախկին վարչակարգի ներկայացուցիչները փորձում են նրանից կորզել այդ բանաձևը, որն ընկած էր ռուսական պլանի հիմքում։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները փորձել են ցույց տալ, թե իբր Նիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտության կարգավորման հայեցակարգ չունի, և փորձել են սադրել, որ նա հնչեցնի այդ նույն բանաձևը և գա Սերժ Սարգսյանի «ռելսերի» վրա, ինչը Փաշինյանը չի արել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ արեց Մյունխենում։ Այս առումով շատ տարօրինակ է դառնում Հայաստանի նորօրյա ընդդիմադիրների և ռուսական կողմի ընդհանուր պահվածքը։ Ես չգիտեմ, թե ով ում է թելադրում, բայց ակնհայտ է, որ նրանք միմյանց հետ կապ ունեն։

– Որքան հիշում եմ՝ «միջանկյալ լուծում» գտնելու սկզբունքը Կազանի փաստաթղթում էլ կար։ Հիմա Կազանի՞ մասին է խոսքը, թե՞ «Լավրովի պլանի»։  Ի՞նչ տարբերություն կա դրանց միջև։

–  «Լավրովյան պլանը» մի փոքր այլ է, քան «Կազանը»։ «Լավրովյան պլանի» էությունը կայանում է ռուս-բելառուսական խաղաղապահներ տեղակայելու և կարգավիճակի հարցն ընդհանրապես անորոշության թողնելու մեջ։ Կազանյան փաստաթուղթը, որը հպարտորեն մեջբերում է Սերժ Սարգսյանը, ոչ միայն առաջարկում էր 5-7 շրջանների վերադարձ, այլև ենթադրում էր հանրաքվե, կամարտահայտություն նախկին ԼՂԻՄ-ի տարածքում կարգավիճակի վերաբերյալ։ Իսկ «Լավրովյան պլանը» ակնհայտորեն դա չի ենթադրում։ Էական տարբերությունը այս երկու դետալներն են։ Փաստացի «Լավրովյան պլանը» չի կարգավորում հակամարտությունը։ Այն լուծում չի առաջարկում, դրանով ընդամենը վերաֆորմատավորվում է ստատուս-քվոն՝ նոր տարածքային իրողություններով։ Դա լուծում չէ։ Դա աբխազացնում ու հարավօսականացնում է ղարաբաղյան հակամարտությունը։ Ոչ ավելին։

– Արդյո՞ք դա նշանակում է վերադարձ 1988-ի ստատուս-քվոյին, երբ այնտեղ կային սովետական, ռուսական զորքեր։

– Այո՛, միանշանակ։ Դա վերադարձ էր 1988 թվականին։

– Այսինքն՝ զորքերի տեղակայում, փախստականների վերադարձ․․․

– Դա ենթադրվում էր նշված 5-7 շրջաններում, որտեղ տեղակայված կլինեին հենց ռուս-բելառուսական խաղաղապահները։

– Կարծում եք՝ «Կոմերսանտի» թղթակցի կողմից նման հարց բարձրացնելը պատահակա՞ն էր, թե՞ համաձայնեցված էր Ադրբեջանի հետ։

– Կարծում եմ՝ ոչ թե Ադրբեջանի հետ համաձայնեցված էր, այլ ուղղակի Ռուսաստանի ԱԳՆ-ի ցանկությունն էր հնչեցնել այդ հարցը։

– Ստուգել կողմերի տրամադրությունները։

– Այո՛, ստուգել, հետախուզել կողմերին՝ որքանո՞վ են նրանք պատրաստ կրկին անցնել ռուսական հովանու ներքո տեղի ունեցող եռակողմ բանակցությունների ձևաչափին։

– Բայց այդ բանակցությունները կա՞ն Ձեր կարծիքով։

– Այդ բանակցությունները չկան։ Եվ տեսեք, Մյունխենի անվտանգության կոնֆերանսից էլ իրենք ակնհայտորեն գոհ չէին։ Ուշադրություն դարձրեք ռուս քաղաքագետներից որոշների՝ հիստերիայի հասնող արձագանքին։ Իրենք հասկանում են, որ ակնհայտորեն Մյունխենը, ԺնևըՎիեննան և մյուս հանդիպումները տեղ չեն թողնում ռուսական սեպարատ գծի համար և դրանից ուրախ չեն, որովհետև Արևմուտքն ակնհայտորեն թույլ չի տալիս, որ գործընթացը շեղվի Մինսկի խմբի ձևաչափից՝ ինչպես որ դա թույլ էին տվել, ցավոք սրտի, 2008 թվականին։ Եվ այժմ ակնհայտորեն այդ հետախուզումն էր կատարվում՝ կողմերը պատրա՞ստ են վերադառնալ նախկին ձևաչափին։ Եվ պարզ է, որ նրանց չի ոգևորում այն փաստը, որ Հայաստանը ցույց չի տալիս այդպիսի շահագրգռություններ։

– Բայց Մամեդյարովը նախորդ տարվա ընթացքում մի քանի անգամ հայտարարել է, որ բանակցությունների սեղանին Ռուսաստանի 2016 թ․առաջարկներն են։ Այսինքն՝ նա ստո՞ւմ է։

– Այո՛․․․ Կարծում եմ՝ Մյունխենում ակնհայտ դարձավ, որ, ըստ էության, բովանդակային քննարկումներ չկան։ Բովանդակային քննարկումներ չեն կարող տեղի ունենալ, եթե հրապարակավ մենք տեսնում ենք բացարձակապես հակադիր դիրքորոշումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սա նշանակում է, որ հակամարտության կարգավորման հիմնարար խնդիրները չեն քննարկվում։ Մամեդյարովի հայտարարությունները կամ նույն Չավուշօղլուի հայտարարությունը՝ 2020 թվականին ղարաբաղյան խնդիրը օրակարգային դարձնելու, Ռուսաստանի հետ համատեղ լուծելու պատրաստակամության մասին ընդամենը ուղերձներ են Ռուսաստանին, որ Մոսկվան կունենա Ադրբեջանի և Թուրքիայի աջակցությունը պրոցեսը Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներից դուրս հանելու հարցում։ Բայց այստեղ շատ կարևոր է Հայաստանի քաղած դասը և Արևմուտքի քաղած դասը։ Եվ վերջին շրջանում արված հայտարարությունները, մասնավորապես՝ Ժնևում երկուսուկես օր տևած բանակցություններն ու ծավալուն փաստաթուղթը, ցույց են տալիս, որ Մինսկի խումբը պրոցեսն իր ձեռքից բաց թողնելու մտադրություն չունի։

– «Լավրովի պլանը» հեռանկարային համարո՞ւմ եք։

– Ո՛չ, ես «Լավրովի պլանը» հեռանկարային չեմ համարում։ Այս ծրագիրը ոչ այն է՝ կա, ոչ այն է՝ չկա։ Ռուսաստանի համար այդ պլանը առաջ մղելը նոր բարդությունների է հանդիպում 2016 թ․ Ապրիլյան պատերազմից և հատկապես 2018 թ․ Թավշյա հեղափոխությունից հետո, և այս կտրվածքով պատահական չէ, որ նրանք մնացել են ընդամենը լրագրողի մակարդակով «զոնդաժ» անելու հույսին։

Ե՞րբ կկայանա Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարը Կորոնավիրուսից առողջացել է ևս մեկ պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի. Արսեն Թորոսյան Այս պահին շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, իսկ նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում. Փաշինյան Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի 2 դեպք. մարզպետ Varks.am-ում ժամկետանց պարտավորություն ունեցողների տոկոսները, տույժերը կզիջվեն, եթե մարեն մայր գումարը «Atlantis European Airways» -ի չվերթով Հնդկաստանից Հայաստան վերադարձան մեր 68 հայրենակիցներ «Մենք սգում ենք ձեզ հետ միասին». Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը՝ Լևոն Արոնյանին Մարտի 30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք․ ԱՆ Պոպուլիստական կառավարությունն ուժեղ դառնալ չի կարող՝ ավտորիտար օրենսդրություն ընդունելով «Նա Հայաստանի լավ բարեկամն էր». Փաշինյանը՝ Արոնյանի կնոջ մահվան կապակցությամբ Նոյեմբերյանի զորամասերում կորոնավիրուսի տարածման լուրը կեղծ է. ՊՆ խոսնակ «Գ.Ծառուկյան» հիմնադրամը շարունակում է ախտահանման աշխատանքները Երևանի համայնքներում Ադրբեջանի կրակոցից Ոսկեվանում վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում «Բարի Սամարացին» միացել է բարի գործին
Ամենաընթերցված
Varks.am-ում ժամկետանց պարտավորություն ունեցողների... Պոպուլիստական կառավարությունն ուժեղ դառնալ չի կարո... Ախր ես ինչպես վեր կենամ գնամ․ Լևոն Արոնյանի կինն՝ ... Պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահանել հեռախոսը․ ն... Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի մ... «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ... Ցնցված եմ․ Փաշինյանը ցավակցել է Դեւեջյանի մահվան կ... 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահր... Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք. ... Մի ամբողջ սերունդ անցնում է, ու էս այլանդակ վարակը... Մեկուսացված զինծառայողները հայտնել են իրենց համաձա... Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ու... Պանդեմիան շոուների, պոպուլիզմի, սեփական ես-ը մարդկ... Որ հյուրանոցում են ինքնամեկուսանալու «Նորք» ԻՀԿ-ի ... Միասնականության և գլոբալ մոտեցումների շնորհիվ է մի... Սոցիալական պետությանը բնորոշ՝ Ծառուկյանի կողմից մա... Նոր մեկուսարանը մարտի 25-ից պատրաստ կլինի․ Արմեն Մ... Վարկառուների վերաբերյալ Գ.Ծառուկյանի առաջարկած գլո... Հիմա միմյանց վրա քարեր նետելու ժամանակը չէ․ Էդուար... Վանաձորում չեն աշխատելու թեթև արդյունաբերության հի...
website by Sargssyan