Կարելի՞ է արդյոք վստահ լինել, որ հանրաքվեի կդրվեն նաև 2018թ. մայիսից այս կողմ երկու կռվախնձոր դարձած հարցերը` Ամուլսարի խնդիրը և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը. Կարեն Քոչարյան
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում խոսել է առաջիկա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին: Վարչապետի հարցազրույցին է անդրադարձել մեդիափորձագետ Կարեն Քոչարյանը:
Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Քիչ առաջ դիտեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը: Սկսեմ լավ լուրից: Առաջին անգամ իմ ընկեր Պետրոսը չէր գնացել վարչապետի «դուռը», այլ երկրի առաջին դեմքը եկել էր հեռուստատեսության տաղավար... ինչպես մնացած շարքային մահկանացուները: Անկեղծ հաճելի էր տեսնել նման տեսարան:
Իսկ հիմա, օգտվելով Պետրոսի վաղեմի ընկեր լինելու հանգամանքից, մի հարց էլ ես տամ (կամ ինչպես կասեր մեծն Հրանտ Մաթևոսյանի հերոսներից մեկը, մի հատ էլ ես քննեմ):
Ընդամենը մեկ հարց.
Պարոն վարչապետ, Դուք ասացիք, որ Հայաստանում այսուհետ ընտրությունները ցնցումների հետ չեն ասոցացվելու, և իշխանությունները հանրաքվեի ինստիտուտը ուժեղացնում են: Այս պարագայում կարելի՞ է արդյոք վստահ լինել, որ հանրաքվեի ինստիտուտի ուժեղացման ճանապարհին համաժողովրդական հանրաքվեի կդրվեն նաև 2018թ. մայիսից այս կողմ երկու կռվախնձոր դարձած հարցերը` Ամուլսարի խնդիրը և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը... առավել ևս, որ երկու հարցն էլ գալիս են նախկին կոռումպացված իշխանություններից:
Հ.Գ. Մի երկու հարց էլ ունեմ, բայց այդ հարցերը կհնչեցնեմ, երբ ստանամ այս մեկի պատասխանը:
Կանխավ շնորհակալ եմ
ՀՀ շարքային քաղաքացի Կարեն Քոչարյան»,- գրել է նա: