«Նախագիծն անվիճելի է դարձնում սահմանադրական կարգի տապալման փորձը»
ՔաղաքականությունԱզգային ժողովի կայքում շրջանառության է դրվել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների պաշտոնավարումը դադարելու է:
«Շատ խորհրդանշական՝ թվով 37 իմքայլական պատգամավորների կողմից ներկայացված նախագիծը կդիտարկեի ընդհանուր՝ դեռևս 2019թ. հունիսի 20-ին սկսված սահմանադրական կարգը տապալելու համատեքստում։
Եթե այդ ժամանակ կարող էինք խոսել սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստության մասին, ապա այս նախագծի հրապարակումն արդեն անվիճելի է դարձնում սահմանադրական կարգի տապալման փորձը»,- «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը։
«Փաստորեն, մի իշխանությունը փորձում է վերացնել մյուս իշխանությանը։ Բոլոր տեսանկյուններից անգամ բառ չկա նկարագրելու, թե որքան անընդունելի, մերժելի, հակասահմանադրական, հակաիրավական ու հակապետական երևույթ է սա։
Վստահ եմ՝ կոշտ արձագանք է լինելու Եվրոպայից, որն ունի կարմիր գծեր, որոնք երբեք չեն կարող հատվել։ Այս նախագիծն ինքնին անհամատեղելի է Եվրոպայի խորհրդի ամենաֆունդամենտալ մի շարք սկզբունքների հետ։
Ամենակոպիտ ձևով հատում է կարմիր գծերը, իսկ դատավորների անփոփոխելությունը, իշխանությունների տարանջատումը, իշխանության ուզուրպացիայի բացառումը կարմիր գծեր են։
Սակայն շատ ավելի կարևոր է մեր ներհայաստանյան իրավիճակը. սա լրացուցիչ սթափեցնող գործոն կլինի, որ հանրությունը հետևություններ անի։
Կարծում եմ՝ կա գործիքակազմ, որ այս նախագիծը մնա պատմության դասագրքերում՝ որպես, երևի, ամենաամոթալի նախագծերից մեկը, որը երբևէ եղել է մեր իրավական պատմության մեջ»,-եզրափակեց նա։