ՀՔԾ-ն նման հաղորդագրություն չի հրապարակել, որտեղի՞ց Հ1-ին այդ տեղեկությունը. Արամ Վարդևանյան
ՔաղաքականությունՍահմանադրական դատարանի շուրջ տիրող իրավիճակի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ:
-Սահմանադրական դատարանում և մասնավորապես՝ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակի Ձեր գնահատականը ո՞րն է:
-Իրավական գործընթացի հետ կապված իրավական հիմք չեմ տեսնում: Գործառութային անձեռնմխելիությամբ, այս դեպքում նաև անձնական անձեռնմխելիությամբ, այսինքն՝ ամբողջությամբ անձեռնմխելիությամբ օժտված մարդը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել առանց ՍԴ համաձայնության: Եթե լինի, ապա միայն ակնհայտ սահմանադրության խախտմամբ:
-Այսօր առավոտյան վարչապետն իր ֆեյսբուքյան էջում ռեպորտաժ էր տեղադրել՝ կից գրելով. «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»: Երկրի ղեկավարը կարո՞ղ է նման բան ասել մեկ այլ՝ շատ կարևոր պաշտոն զբաղեցնող մարդու հասցեին:
-Նախ և առաջ խնդիրը Հանրային հեռուստաընկերությունից էր առաջացել, քանի որ հեռուստաընկերությունը չէր կարող նման տեսանյութ հրապարակել: Հատուկ քննչական ծառայության կայքէջում նման պաշտոնական հաղորդագրություն չեք տեսնի: Հատուկ քննչական ծառայությունը վերջին տարիներին ցանկացած պաշտոնական տեղեկատվություն քրեական գործի ընթացքի, գործի վերաբերյալ հրապարակում է իր էջում: Հարց է առաջանում՝ որտեղի՞ց Հանրային հեռուստաընկերությանն այդ տեղեկությունը, որն իրենից ամբողջությամբ նախաքննական գաղտնիք է ենթադրում: ՍԴ դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցելն իրավական առումով իրենից ոչինչ չի ենթադրում: Ցանկացած նախօրոք հնչեցված գնահատական, երբ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, ենթադրում է պետական իշխանության ճյուղերի միջամտություն՝ մեկ այլ ճյուղի գործունեության մեջ: Պարզ է, չէ՞, դատական իշխանությունը, դատարանները, որոնք հետագայում պետք է քննության առարկա դարձնեն այդ գործը, արդեն իսկ որոշակի կաշկանդվածության մեջ են լինելու: