2019-ի վերջին Հայաստանում ստեղծվել են 81 534 նոր աշխատատեղեր. Փաշինյան
ՀասարակությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ընթացող իր վեցերորդ ասուլիսի ընթացքում 100 փաստի շարքում ներկայացրել է 2019 թ. վերջի դրությամբ Հայաստանում ի հայտ եկած (նոր ստեղծված կամ ստվերից դուրս եկած) նոր աշխատատեղերին՝ 81534, 2018-ի մայիսի համեմատությամբ: Ցուցանիշները փաստում են, որ նոր ի հայտ եկած աշխատատեղերի բաշխվածության մեջ գնալով մեծանում է բարձր աշխատավարձով աշխատատեղերի չափաբաժինը, ինչը վկայում է տնտեսության խորքային և դրական տրանսֆորմացիայի մասին:
Վարչապետը նաև ընդգծել է, որ զբաղվածության մակարդակը 2019-ի երրորդ եռամսյակում բարձրացել է մինչև 49,3%` 2018-ի 46,8%-ի և 2017-ի 46,3%-ի փոխարեն: Փաստացի մեկ տարվա ընթացքում Հայաստանում զբաղվածության մակարդակը բարձրացել է 2,5 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, 2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 18%՝ 2018-ի 20,1%-ի և 2017-ի 19,9%-ի փոխարեն: